Քիչ առաջ, Դավիթաշենի կամրջից փորձել է նետվել ու ինքնասպան լինել մի քաղաքացի: Ականատեսների վկայությամբ՝ ինքնասպանության փորձ կատարողը եղել է երիտասարդ մի տղամարդ: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները, որոնք ծառայություն էին կատարում նշված հատվածում, կարողացել են կանխել ինքնասպանության փորձը: Ըստ կամրջի վրա իրենց աշխատանքը կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, երիտասարդը տեղափոխվել է Երեւան քաղաքի վարչություն: Պարզվել է, որ ինքնասպանության փորձ անողը Ուկրաինայի քաղաքացի է եղել:
Կամրջով երթեւեկող քաղաքացիները, հետաքրքրությունից դրդված, կանգնեցնում էին իրենց ավտոմեքենաներն, ինչի հետեւանքով առաջանում էին մեծ խցանումներ: Դեպքի վայրում իրենց ծառայությունն իրականացնող ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները խցանումները կանխելու նպատակով քաղաքացիներին հորդորում էին մեքենաները դուրս բերել կամրջի վրայից:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























