Եկող տարվանից սկսած` Microsoft-ը իր Windows 10 օպերացիոն համակարգը կվերադասակարգի որպես «հանձնարարելի թարմացում», գրված է ընկերության բլոգում: Դա նշանակում է, որ այն օգտատերերի սարքերը, որոնք այնպես են կարգավորված, որ ծրագրային թարմացումներն ինքնաբերաբար տեղադրվեն, ամեն դեպքում կանցնեն նոր օպերացիոն համակարգի:
Սակայն Windows-ի եւ սարքավորումների հարցերով Microsoft-ի ղեկավար Թերրի Մայերսոնը The Verge-ին պարզաբանել է, որ օգտատերերն այնուամենայնիվ ընտրության իրավունք կունենան: «Իր համակարգչի էկրանին օգտատերը կտեսնի երկխոսության պատուհան, որտեղ նա կկարողանա ընտրել` ներբեռնել Windows 10-ը, թե չէ»,- նշել է նա: Այդ տեղեկությունը միայն մի անգամ կհայտնվի էկրանին:
Թարմացումների կենտրոնի (Windows Update) կարգավորումներից կախված, հենց որ օգտատերը համաձայնի առաջարկին, Windows 10-ի ինքնաբերական ներբեռնում տեղի կունենա եւ այն կտեղադրվի: Ամեն դեպքում Windows 7-ի կամ 8-ի հին տարբերակը կմնա համակարգչի հիշողության մեջ: Հին օպերացիոն համակարգը հնարավոր կլինի վերականգնել 31 օրվա ընթացքում, տեղեկացնում է Lenta.ru-ն: ԱՄՆ-ում Microsoft-ը սոֆթի անօրինական տարբերակ օգտագործողներին կառաջարկի մի կտտոցով Windows Store-ից գնել եւ տեղադրել օրինական տարբերակը:
Windows 10 օպերացիոն համակարգը ամբողջ աշխարհին հասանելի է դարձել 2015-ի հուլիսի 29-ից:





























