Իրանի ղեկավարությունը խոստանում է առաջիկա 10 տարում՝ 2020 թվականին ստեղծել միջուկային սինթեզի սեփական ռեակտորը: «Մենք մտադիր ենք ստեղծել սեփական փորձնական թերմոմիջուկային ռեակտորը»,- ասել է Իրանի ազգային միջուկային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ասգար Սեդիկզադեն: Նա նշել է, որ այդ աշխատանքները ընթանում են արտասահմանյան միջուկային կենտրոնների հետ սերտ համագործակցության պայմաններում, սակայն չի հստակեցրել այդ կենտրոնների անունները:
Արեւմտյան դիտորդների կարծիքով, իմաստ չունի լուրջ վերաբերել Իրանից հնչող նման տեսակետներին: Ամենայն հավանականությամբ, Թեհրանը ցանկանում է ազդել թերմոմիջուկային ռեակտորի ստեղծման արեւմտյան նախագծի վրա, որին մասնակցում են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ճապոնիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ Հարավային Կորեան: Նախատեսվում է, որ այն կկառուցվի 2019 թվականին, որի արժեքը կկազմի ավելի քան 15 մլրդ եվրո, հաղորդում է Inright.ru-ն:




























