Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես, ասվում է.
«Սիրելի' դպրոցականներ, ուսուցիչնե'ր եւ ծնողնե'ր,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր պետություն եւ ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, եւ մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձեւավորի: Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը եւ նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձեւավորվում է ապագայի քաղաքացին:
Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ»:




























