Հայկական բանակում վերջերս տեղի ունեցած սպանությունների մասին «Չորրորդ ինքնիշխանությունը» զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ: Երբ թերթի թղթակիցը վերջինից հարցրել է, թե ինչո՞ւ են բանակում ծանր հանցագործությունների դեպքերն աճել, նա պատասխանել է, թե բանակը չի կարող տարանջատվել հայկական իրականությունից: «Բանակը հասարակության դեմքն է: Նույն մեր ժողովրդի զավակներն են բանակ գնում: Նայե'ք, այսօր Հայաստանի փողոցներում ինչ է կատարվում՝ կրակում, խփում, սպանում են իրար, ամեն օր մի դեպք լինում է, մենք ինչո՞ւ ենք զարմանում, որ բանակում էլ կարող է մի դեպք լինի: Հո ուրիշի բանակը չի՞, մեր երկրինն է: Նույն տղերքն են գալիս բանակ չէ՞»,-բացատրել է գեներալը: Հարցին, թե ինչո՞վ են զբաղված բանակի սպաները, որոնք կոչված են կարգուկանոն հաստատելու բանակում ու արգելելու նման երեւույթները, Բաղմանյանը պատասխանել է. «Մարդիկ 18 տարի իրենց երեխաներին չեն կարողանում դաստիարակեն, ուզում են հրամանատարը նրանց 6 ամսվա մեջ զինվոր սարքի: Ո՞նց կլինի: Կամաց-կամաց կլինի դա, միանգամից անհնար է, խնդրում եմ հասկացե'ք»: