Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015թ. մրցանակը կշնորհվի «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկիին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր` նոյեմբերի 3–ին, այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ Եվգենի Կարսպերսկին իրեն շնորհված մրցանակն ու ոսկե մեդալը ստանալու նպատակով Հայաստան կժամանի նոյեմբերի 16-ին՝ իր թիմի եւ կնոջ ուղեկցությամբ, այցի երեք օրերին կլինի Երեւանի պետական Ճարտարագիտական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, հանդիպումներ կունենա ՏՏ ոլորտի մասնագետների եւ ուսանողների հետ:
«Կասպերսկին իր շնորհակալական խոսքում նշել է, որ ինքը բարձր է գնահատում այս մրցանակը, իր համար մեծ պատիվ է գտնվել նախորդ տարիների դափնեկիրների՝ աշխարհահռչակ տեխնոլոգիական հսկաների շարքում»,- ասաց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ Եվգենի Կասպերսկին Հայաստան կժամանի սեփական ինքնաթիռով:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ մրցանակի հետ դրամական պարգեւատրում չի շնորհվում, նպատակը միայն դափնեկիրներին պատվի արժանացնել է Հայաստանի ՏՏ ոլորտում ներդրում ունենալու համար:
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Եվգենի Կասպերսկիի այցից ակնկալիքները շատ են՝ Կասպերսկին ավելի հանգամանորեն կծանոթանա Հայաստանի ՏՏ ոլորտի նվաճումներին, որի հնարավորությունը առաջին այցի ժամանակ չի ունեցել:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու հարցում կարեւոր է, որպեսզի դափնեկիրները լինեն Հայաստանում, հանդիպումներ եւ գործնական պարապմունքներ անցկացնեն ՏՏ ոլորտի ուսանողների հետ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ այս մրցանակաբաշխության գլխավոր նպատակն է Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնել միջազգային ՏՏ ասպարեզում:
Նշենք, որ մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2009թ.: Յուրաքանչյուր տարի այն շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանուն բնույթ ունեցող զարգացումների:
Առաջին վեց մրցանակներին արժանացել են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Քրեյգ Բարրետը, Apple Computer կորպորացիայի հիմնադիր դոկտոր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն դոկտոր Ցուգիո Մակիմոտոն եւ Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:

































