Երեւանի Կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանը ամենաշուտը երկու ամսից կապաքինվի եւ կվերադառնա իր աշխատանքին:

Վարդանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պատահածի մեջ միայն իր մեղքն է տեսնում ու կարծում է, որ պարզապես անուշադիր է եղել:

«Ես եմ սխալվել, առյուծը մեղավոր չի, ես պետք է չսխալվեի: Մենք չենք կարա կենդանուն ասենք՝ ինչի սխալվեցիր, որովեհետեւ ինքը առյուծ ա, ինքն իրա առյուծությունը պետք ա աներ»,- ասաց Վարդանը:

Վարդանը պատմեց, որ սովորում է Ագրարային համալսարանում, դեպքի օրը պետք է քննություն հանձներ, այդ պատճառով շտապել է գործը շուտ ավարտել ու մի փոքր անուշադիր է եղել: 

«Մարդիկ միշտ պոլիէթիլենային շշեր, քարեր, զիբիլ են շպրտում դեպի կենդանիները, որ ընկնում ա հենց միջանցքում: Ժամանակ առ ժամանակ գնում, շրջում, մաքրում ենք տարածքը: Այդ օրն էլ սովորականի պես գնացի, որ հավաքեմ: Էդ բնի մեջ բնակվում ա երկու առյուծ ՝ էգ ու արուն՝ Զեւսը: Ձեռքս մոտիկացրի ճաղավանդակին, որ պլասմասե շիշը վերցնեմ, հարձակվեց, ճանկեց շորիցս, ձեռքս ճաղավանդակից ներս մտավ ու հայտնվեց առյուծի բերանում»,- պատմեց նա:

35-ամյա տղան երեք րոպե կռիվ է տվել գիշատիչի հետ: Նրա ճանկերից ազատվել հաջողվել է սեփական հմտության ու անվտանգության աշխատակցի օգնության շնորհիվ:

«Մենք այստեղ դասընթացներ ենք անցել, տեսանյութեր ենք նայել, թե ինչպես են անգամ ամենազարգացած կենդանաբանական այգիներում գիշատիչները հարձակվում աշխատողների վրա ու թե ոնց են իրենք կարողանում կենդանու բաժին չդառնալ: Էդ պահին էդ կադրերն էի հիշում, սառնասրտորեն էի դատում, որ հանկարծ մյուս ձեռքս էլ չճանկի: Հետո մեր անվտանգության աշխատողը եկավ ու էնպես արեց, ինքը հետ գնաց, ես էլ կարողացա ձեռքս հանել բերանից»,- պատմեց Վարդանը:

Վարդանն ասում է՝ գիշատիչների հետ աշխատելիս միշտ էլ վտանգի  առկայությունը գիտակցել է ու փորձել է առավելագույն զգուշություն դրսեւորել: Չեզոք գոտի մտնելուց առաջ փորձել է մտածել միայն աշխատանքի մասին, կենտրոնանալ, քանի որ մի սխալ քայլը կարող էր իր համար ճակատագրական լինել: 

«Ուշադիր պետք ա լինել հեռավորությանը, պետք ա նայես՝ ինքը հետեւաբնում է, թե առջեւում, քնած ա, թե քայլում ա, որովհետեւ ինչքան էլ ինքը քեզ ընտելացած լինի, քեզ ճանաչի, մեկ ա՝ գիշատիչը մնում ա գիշատիչ»,- ասաց Վարդանը:

Վարդանը դեպքից կարեւոր դաս է քաղել՝ այսուհետ ավելի զգոն կլինի:

Նշենք, որ Վարդան Գրիգորյանն այժմ բուժում է ստանում Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել է, նրա վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ձախ բազկի պատռվածքներով: