Ադրբեջանը կրկին դիվերսիոն-հետախուզական գործողություն է իրականացրել շփման գծում՝ հերթական անգամ ցուցադրելով իր իրական դեմքը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սակայն, ըստ նախարարի, հայկական կողմը արժանի հակահարված է տվել հակառակորդին եւ հարկադրել ադրբեջանցիներին գլխապատառ փախչել՝ կորուստներ կրելով: Չնայած դրան, Օհանյանի կարծիքով, Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ հայտարարելով ԼՂՀ պաշտպանական բանակի դիվերսիայի եւ հայկական կողմի կրած կորուստների մասին:

Նշենք, որ նախօրեին լուսաբացին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:

Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի եւ հակառակորդին պատճառելով կորուստներ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհվել են երկու ադրբեջանցի զինվորներ: