Սեպտեմբերի 1-ից Հյուսիսային Օսիայում սկսվել են սգո միջոցառումները՝ նվիրված Բեսլանի թիվ 1 դպրոցում 330 անձանց սպանության վեցերորդ տարեդարձին:
Բեսլանի դպրոցի բակում հավաքվել է շուրջ 2 հազար մարդ: Ծաղիկներ դնելու է եկել Հյուսիսային Օսիայի նախագահ Թեյմուրազ Մամսուրովը: 2004թ. պատանդների մեջ էին նաեւ նրա երկու երեխաները:
Սգո միջոցառումները ձգվելու են 3 օր: Այսօր դպրոցում եւ գերեզմանատանը հազարավոր մարդիկ ողջ հանրապետությունից մոմեր են վառելու, ծաղիկներ դնելու եւ խաղալիքներ ու ջուր բերելու:
Սեպտեմբերի 2-ին դպրոցի բակում կոտրված խաչ են դնելու, հետագայում այնտեղ ուղղափառ եկեղեցի են կառուցելու: Հիմնական միջոցառումները կայանալու են սեպտեմբերի 3-ին:
Վեց տարի առաջ ահաբեկիչները գրավել էին Բեսլանի դպրոցն ու պատանդ վերցրել 1127 մարդու: Երկու օր անց տեղի էր ունեցել ուժային կառույցների գրոհը: Այդ օրերին դպրոցում մահացել էր 330 անձ, եւս երեքը մահացել էին հիվանդանոցում: Մահացածների կեսը երեխաներ էին:
Նշենք, որ Հայաստանում էլ հիշում են Բեսլանի ողբերգությունը: Զոհվածների մեջ նաեւ հայկական ընտանիք կար:



























