Վանաձորում այսօր՝ նոյեմբերի 4-ին, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի իրազեկման երթի ժամանակ ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ բախում տեղի ունեցավ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքից հետո երթի մասնակիցները Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայով քայլում էին դեպի կենտրոնական հանրախանութ, որի ընթացքում մասամբ փակել էին փողոցը` դարձնելով այն միակողմանի երթեւեկելի։

Ոստիկանները նրանց թույլ չտվեցին փողոցի երթեւեկելի մասով քայլել, ինչը բարկացրեց ակցիայի մասնակիցներին, սկսվեց հրմշտոց։

Կարճ ժամանակ անց ոստիկանները բացեցին ճանապարհը։ Քաղաքացիները շարունակում են երթը, փողոցը կրկին միակողմանի փակ է։

Այս պահին իրավիճակը խաղաղ է: Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 4-ին, Վանաձորի Արցախի պուրակում տեղի է ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքն ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։ Ակցիային մասնակցում են «Հիմնադիր խորհրդարանի», «Ժառանգություն» կուսակցության, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները: