Իրանը նոր բացվող շուկա է ավելի քան 77 մլն սպառողով, իսկ նրա գնողունակությունը կաճի: Այս մասին գրել է լեհական Money.pl պարբերականը: Ամեն դեպքում, հարկ կլինի մրցակցել Իրանի խոշորագույն առեւտրային գործընկեր Չինաստանի հետ: Հոդվածում ասված է.

«Լեհական ընկերություններն իրանական շուկայում վաղուց են գործունեություն ծավալում՝ չնայած տնտեսական պատժամիջոցների հետեւանքով առաջացող դժվարություններին:

Իրանը պատրաստվում է իր տնտեսությունն ամբողջությամբ բացել արտասահմանյան ներդրումների համար, մասնավորապես, թույլատրվում է երկրում 100% օտարերկրյա մասնակցությամբ ընկերություն բացել: Ընդ որում, ՍՊԸ-ի համար պահանջվող նվազագույն կապիտալ է սահմանվել 1 մլն ռիալը, իսկ բաժնետիրական ընկերության պարագայում՝ նվազագույնը 3 բաժնետեր եւ 3 մլն ռիալի կապիտալ:

Բացի այդ, արդեն 6 ազատ տնտեսական գոտի է ստեղծվել՝ հարկային եւ մաքսային արտոնություններով, ինչպես նաեւ աշխատողների վարձելու հարմար պայմաններով:

Իհարկե, հարկավոր է հաշվի առնել պատժամիջոցների հետեւանքները, որոնք դեռեւս պահպանվում են, եւ դրանցից գլխավորը դրամական փոխանցումների սահմանափակումներն են: Սակայն որոշակի գործարքների արգելքն արդեն վերացվել է:

Ընդհանուր առմամբ, պետք չէ թերագնահատել այդ երկրում բիզնեսի համար առկա հնարավորությունները: Դա ավելի քան 77 մլն սպառող ունեցող երկիր է: Այդ շուկայի բյուջեն եւ ներդրումային հնարավորություններն աճելու են»: