Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է, թե իր նոր գործադիր տնօրենը Դեվիդ Քրամերն է:
Նախկինում Քրամերը զբաղեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիսա Ռայսի տեղակալի պաշտոնը: Կազմակերպության նոր ղեկավարն իր պարտականությունների կատարմանը կանցնի հոկտեմբերի 4-ին: Պետքարտուղարությունում Քրամերը զբաղվել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման հարցերով, նաեւ երեք տարի զբաղվել է Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ հարաբերություններով:
Freedom House-ը ԱՄՆ-ում գործող հասարակական կազմակերպություն է, որը հանդես է գալիս ժողովրդավարական բարեփոխումների օգտին, հետեւում է ազատության վիճակին եւ մարդու իրավունքներին ողջ աշխարհում:




























