Ռուսաստանի կառավարությունը որոշել է բացառություններ սահմանել ցորենի արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման հարցում: Մասնավորապես, թույլատրվում է ցորեն արտահանել հումանիտար օգնության նպատակներով, նաեւ հյուպատոսարանների եւ օտար պետություններում գտնվող զինվորական կազմավորումների գործունեության ապահովման համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 5-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ռուսական ցորենի եւ հացահատիկի արտահանումը մինչեւ տարեվերջ դադարեցվելու է:
Նշենք, որ իր կարիքների համար Հայաստանը ցորենի մեծ մասը ներկրում էր Ռուսաստանից՝ մոտ 300-400 հազար տոննա: Օգոստոսի 30-ին Հայաստանի գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հայտարարել է, թե ռուսական էմբարգոյի պատճառով, Հայաստանն սկսել է ցորեն ներկրել Իրանից: Հայաստանը ցորեն է ներկրում նաեւ Բուլղարիայից, Ղազախստանից եւ Ուկրաինայից: Բանակցություններ են վարվում Ռուսաստանի հետ որոշակի քանակությամբ ցորենի ներկրման ուղղությամբ:
Ռուսաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը ցորենի արտադրության ոլորտում՝ ԱՄՆ-ից, Կանադայից եւ Եվրամիությունից հետո:




























