Ռուսաստանի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին հետեւողականորեն խորհուրդ է տալիս չայցելել Վրաստան։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
Նրա խոսքով, Ռուսաստանից Վրաստան մեկնող գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ վրացական հատուկ ծառայությունների սադրանքների պոտենցիալ օբյեկտ եւ հայտնվել ճաղերի հետեւում։ «Մեր քաղաքացիների գրպաններն են դնում կեղծ փողեր, թմրանյութեր եւ զենք, հարուցում են քրեական գործեր, ինչից հետո մարդկանց բանտ են նետում»,- ասել է Նեստերենկոն։
Պատասխանելով Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելած, Վրաստանում գտնվող արտասահմանցիների անվտանգության մասին հարցին, Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը նշել է. «Իսկապես, Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելած արտասահմանցիները, Վրաստանում հայտնվելու դեպքում ենթարկվում են քրեական հետապնդման։ Նպատակը մեկն է՝ վրացական իշխանությունները ցանկանում են բոլոր միջոցներով դադարեցնել արտաքին աշխարհի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կապը»։




























