Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին կործանված բեռնատար օդանավի անձնակազմի հրամանատար, 55–ամյա Գեւորգ Թովմասյանի ընտանիքը դեպքի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել, կինը եւ դուստրերը մինչեւ վերջին պահը իրենք իրենց համոզել են, որ Գեւորգն այդ օդանավում չէ:
«Ոնց որ հատուկ հեռուստացույցը միացնեի, որ էդ նախադասությունը լսեի: Ինձ համար արդեն պարզ էր, բայց որ ասացին՝ ռուսական անձնակազմ է, մտածեցի` ինքնաթիռները փոխարինել են, անընդհատ սփոփանք էինք ման գալիս, որ իրենք չեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զոհված օդաչուի կինը՝ Գոհար Սարգսյանը:

Լուսանկարում նստածը կործանված օդանավի անձնակազմի հրամանատար Գեւորգ Թովմասյանն է, ձախից` ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը:
Գեւորգ Թովմասյանի կինը պատմեց, որ ամուսինը երկար տարիներ աշխատել է որպես ռազմական օդաչու, բազմիցս դժվարին չվերթներ է իրականացնել, Արցախյան պատերազմի տարիներին ուղղաթիռով վիրավորներ է տեղափոխել եւ դեղորայք հասցրել մարտի դաշտ:
«Գեւորգը անկախ Հայաստանի շտուրմանի վկայական ստացած առաջին օդաչուն է եղել, ոչ ոք չգնահատեց իր արածը, 1999թ. տեղափոխվեցինք Գերմանիա, 2005-ին վերադարձանք: Մի տարի անգործ մնաց, որոշ ժամանակ «Էյր Արմենիայում» աշխատեց, փակվելուց հետո ստիպված մեկնեց արտեկիր աշխատանքի, որպեսզի փող աշխատի»,-ասաց տիկին Գոհարը:
Զոհված օդաչուհի կինը վստահ է, որ օդանավը անսարքության հետեւանքով է կործանվել:
«Ինչքան եղանակը վատ լիներ, ինչքան ամպամած լիներ, իրենք անցնող էին հաստատ: Տեխզննում անցած ինքնաթիռը նման ժանգոտած տեսք չէր կարող ունենալ: Թքում կպցնում են, էդ մարդկանց էլ տանում են աշխատանքի, կյանքների հետ խաղում, բա ո՞վ պետք է պատասխան տա: Իմ աղջիկը երեկվանից ասում է՝ պապային եմ ուզում: Պիտի սկայպով կապվեին, խոսեին»,- արտասվելով պատմում էր Գեւորգ Թովմասյանի կինը:

Գոհար Սարգսյանի խոսքով՝ ամուսինը միշտ երազել է օդաչու լինել, 1979թ. ծնողներից գաղտնի ընդունվել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարան, 1983թ. ավարտել եւ հատուկ նշանակմամբ գործուղվել է Մոլդովա:
«Միշտ ասում էի՝ ոնց ես ընտրել էս մասնագիտությունը: Ինքը երկինքը շատ էր սիրում, որ օրը չէր թռչում, մռայլ էր տուն գալիս, բայց որ օրը թռիչքի էր, ոգեւորված էր լինում, շատ էր սիրում թռչել, «աս» էին ասում»,-ասաց տիկին Գոհարը:

Գեւորգ Թովմասյանը կործանված ԱՆ–12–ի ֆոնին։
Գեւորգ Թովմասյանը երկու դուստրերը դեռ ուշքի չեն գալիս, չեն հավատում, որ հայրը, որի համեստությամբ ու պրոֆեսիոնալիզմով միշտ հպարտացել են, այլեւս չկա, առավել եւս որ նրա կյանքը խլել է իր այդքան սիրելի աշխատանքը։
Օդաչուի ընտանիքը եւ հարազատները դեռեւս չգիտեն, թե երբ Հայաստան կտեղափոխվի նրա մարմինը:

Գեւորգ Թովմասյանը ընտանիքի հետ դստեր հարսանիքին։
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր բեռնատար ԱՆ-12 օդանավը։ ԱՆ-12-ը ընկել է թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝ ընկել է Նեղոս գետը։ ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ 5 քաղաքացի` հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան։ ՀՀ բոլոր քաղաքացիները զոհվել են։ Վերջին տվյալով` ավիաաղետի հետեւանքով զոհվել է 40 մարդ:




























