Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հետ է կանչել Boeing 737-ի մոդիֆիկացիաների (Classic и NG) համար տրված արտոնագիրը։ Այս օդանավները շահագործվում են ռուսական ավիափոխադրողների կողմից, տեղեկացնում է   «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաընկերություններից մեկի աղբյուրին։

Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռոսավիացիայից, տեսչությունը նոյեմբերի  6-ին խորհրդակցություն կանցկացնի ավիաընկերությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ  Boeing 737 օդանավի շահագործման հեռանկարների վերաբերյալ։ 

«Մենք իրոք այս առավոտ ավիացիոն ռեգիստրից փոստով նամակ ենք ստացել։   Բնօրինակը չունենք, այնուամենայնիվ, տեսնելով, որ անհրաժեշտ է օպերատիվ արձագանքել ստեղծված իրավիճակին, վաղը Boeing 737-ը շահագործող ավիաընկերությունների եւ ՄԱԿ-ի ղեկավարության հետ խորհրդակցություն ենք անցկացնելու»,- հայտնել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իզվոլսկին։

«ՌԻԱ Նովոստիի» տվյալներով, արտոնագրերի կիրառությունը պիտի դադարեցվի մինչեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ավիաիշխանություններից համատեղ հավաստիացման  ստացումը դրանց անվտանգության վերաբերյալ։