Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի երկրորդ վարորդը՝ Բագրատ Հովակիմյանը հարուցված քրեական գործով անցնում է որպես վկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքի հաջորդի օրը Հովակիմյանը հարցաքննվել է, ապա ազատ արձակվել:
Ինչ վերաբերում է կալանավորված Գառնիկ Հարությունյանին, դեսպանատնից հայտնեցին, որ նրա հետ քննչական գործողություններ են կատարվում:
«Ենթադրում ենք, որ մինչեւ քննչական գործողությունների ավարտը՝ նրան Հայաստանին հանձնելու հարց չի քննարկվի: Ամեն դեպքում այս պահին հանձնելու վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվում»,- ասացին դեսպանատնից:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը երկու ամսով կալանավորված է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։





























