Երեւանի հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից այսօր՝ նոյեմբերի 6-ին, իրենց բնակավայրեր տեղափոխվեցին Տուլայում ավտոբուսի վթարից զոհված 8 ուղեւորների մարմինները (ֆոտոռեպորտաժ):
Զոհերից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին Գետաշեն համայնքներից էին, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից, Հայկ Հովհաննիսյանը՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից, Հակոբ Ալիխանյանը՝ Սավուշի մարզի Դիլիջան քաղաքից: 7 զոհերի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Հայկ Հովհաննիսյանինը՝ այսօր:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին Երեւան են ժամանել Տուլայում վթարված ավտոբուսի 32 ուղեւորները, որոնցից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց եւ այսօր առավոտյան 8–ը դուրս են գրվել։ ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել նաեւ վթարի հետեւանքով մահացած ութ ուղեւորների մարմինները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:











