Ադրբեջանցիները անիմաստ օդում խոսելու փոխարեն լավ կանեն համակերպվեն Արցախի անկախության փաստի հետ եւ շնորհավորեն Արցախի ժողովրդին անկախության տոնի առթիվ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնք» հանրային միավորման նախագահ Բայրամ Սաֆարովի հայտարարությունը:
Սաֆարովը «Ենի Ազերբայջան» կուսակցության կայքին տված հարցազրույցում ասել էր, թե ադրբեջանական հողերի օկուպացիայի գործում առանձահատուկ դեր ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով վաղ թե ուշ պատասխան է տալու անմեղ ադրբեջանցիների թափված արյան համար:
«Ադրբեջանցի գործիչը թող այդ տոնով խոսի իր երկրի փոքր սուլթանի հետ: Պատասխան պետք է տա հենց նա, եւ ոչ թե մենք»,- Սաֆարովին խորհուրդ է տվել Շարմազանովը եւ հավելել. «Ինչ վերաբերում է հայերի պատասխանին, ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված ագրեսիոն պատերազմում արժանապատիվ պատասխան է տվել: Դրա արդյունքում ադրբեջանցիները փախան եւ զինադադար էին աղաչում, իսկ այժմ էլ արդեն 16 տարի լացուկոծ են դնում միջազգային կազմակերպություններում»:




























