ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտության հետ ոչ մի առնչություն չունի։ Այն այժմ կերաման է դարձել բոլորի համար, այդ թվում՝ պաշտոնյաների։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության եւ գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի հիմնադիր եւ UNESCO-ի ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ յուրքանչյուր չինովնիկ երազում է դառնալ ակադեմիկոս եւ ձրի փողեր ստանալ մինչեւ կյանքի վերջը։

«Երբ փորձում ես ինտերնետում գտնել, թե վերջին հինգ տարում Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնող գիտնականներից քանիսն են ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներ, ուղղակի ապշում ես»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ օրինակ՝ գիտնական եւ մաթեմատիկոս Գրիշա Բարսեղյանը, չլինելով ակադեմիկոս, Հայաստանը միջազգային ասպարեզներում ավելի շատ է ներկայացրել, քան բոլոր բոլոր ակադեմիկոսները միասին վերցրած։

«Արդյունքում՝ գիտնականները, իրավիճակից ելնելով, պարզապես լքում են հայրենիքը»,-ասաց Հայրապետյանը։

Ասուլիսի մյուս մասնակիցը`  ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ ներկայումս ավելի շատ խոսվում է գիտության եւ կրթության բարեփոխումներ կատարելու մասին, քան գործնական քայլեր են կատարվում։ 

Նրա խոսքով՝  ոլորտը կարգավորող իրավական մեխանիզմները բավականաչափ թերություններ ունեն, սակայն այժմ փորձ է արվում վերացնել դրանք։

«Սեպտեմբերի կեսին նախատեսում ենք սկսել «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագծի քննարկումները, ինչը հնարավորություն կտա ձերբազատվել այս համակարգի նկատելի թերություններից»,- ասաց ԱԺ հանձնաժողովի  նախագահը, սակայն նշեց, որ այդ օրենսդրական նախաձեռնությունները ամբողջովին  չեն լուծի առկա խնդիրները։