Այսօր՝ սեպտեմբերի 1-ին 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվածների հարազատները հավաքվել էին ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի առջեւ: Նրանք նամակ են փոխանցել ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մատեո Սորինասին եւ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուին:

Մարտի 1-ի զոհերի հարազատներն իրենց նամակում մասնավորապես նշել են, որ սեպտեմբերի 1-ին լրանում է 2,5 տարին այն օրից, ինչ «Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում իշխանությունները հրամայեցին ոստիկանությանը եւ ոստիկանական համազգեստով քրեական տարրերին կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, ինչի արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ»:

Ըստ նամակի հեղինակների՝ այս երկուս ու կես տարվա ընթացքում հանցագործությունները բացահայտված չեն, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ ապօրինի հրամանը արձակելու կամ անմիջականորեն կատարելու համար: «Ավելին` այդ ոստիկանները շարունակում են ծառայել ոստիկանության համակարգում: ԵԽԽՎ նախաձեռնությամբ, 2008 թվականին ձեւավորվեց Մարտի 1-ի փաստերն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խումբը, որն ընդդիմադիր երկու անդամների գործունեության արդյունքում իրական քայլեր սկսեց կատարել սպանությունների բացահայտման ուղղությամբ, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի ՀՀ նախագահը հրաման արձակի փաստահավաք խմբի լուծարման մասին: Մինչեւ օրս ԵԽԽՎ-ի կողմից ընդունվել են 1609, 1620, 1677 բանաձեւերը Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վերաբերյալ: Սակայն դրանից որեւէ մեկը, ըստ էության, չի կատարվել, եւ որեւէ իրական քայլ չի կատարվել եւ չի կատարվում սպանությունների բացահայտման ուղղությամբ»,- նշել են նրանք:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հայտնում են, որ դատական հայցեր են ներկայացրել ՀՀ ներպետական ատյաններում ընդդեմ Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության` բողոքարկելով նրանց հանցավոր անգործությունը, սակայն հայցապահանջները ոչ միայն չեն բավարարվել, այլեւ զոհվածների հարազատները արժանացել են դատավորների վիրավորանքին եւ արհամարհանքին: «Իշխանությունների, պետական մարմինների կողմից զոհերի հարազատների ներկայությունը դարձել է ոչ ցանկալի, իսկ մեր կյանքը այստեղ` ոչ ապահով»,- նշել են Մարտի 1-ի զոհերի հարազատները՝ եվրոպական կառույցներից կոչ անելով ստիպել ՀՀ-ին կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ պահանջում են, որ եվրոպական այդ կառույցը եւս կատարի իր պարտավորությունները Հայաստանի եւ նրա ժողովրդի առջեւ: