Ռուսական ավիաընկերություններին պատկանող Boeing 737 ընտանիքի օդանավերը կշարունակեն թռիչքները, դրանց շահագործումը դադարեցնելու համար հիմքեր չկան: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:
Նրա խոսքով, Միջպետական ավիացիոն հանձնաժողովի հրապարակած նամակը, որում հայտարարվում էր Boeing 737 օդանավի ռուսական սերտիֆիկատի գործողությունը դադարեցնելու մասին, արդեն չեղյալ է հայտարարվել: Ռոսավիացիան փաստաթղթի նոր տարբերակ է ստացել:
«Մենք փաստաթուղթ ենք ստացել այն մասին, որ ՄԱՀ-ը խնդրում է նախկինում ուղարկված հայտարարության տեքստը չեղյալ համարել»,- ասել է Ներադկոն՝ ընդգծելով, որ հանձնաժողովի՝ միմյանց հակասող հայտարարությունները հարկավոր է ուսումնասիրել:
ՄԱՀ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Չխիկիշվիլին իր հերթին ՌԲԿ-ին հաղորդել է, որ հանձնաժողովը հետ չի կանչել Boeing 737-ի շուրջ նամակը: Հանձնաժողովի նախագահի օգնական Արթուր Մուրադյանը նույնպես հաստատել է, որ հանձնաժողովը հետ չի կանչել նամակը:
Ավելի վաղ S7-ի համասեփականատեր Նատալյա Ֆիլեւան հաղորդել էր, որ ՄԱՀ-ը հետ է կանչել իրենց ուղղված նամակը, որում հայտարարվում էր Boeing 737 օդանավի ռուսական սերտիֆիկատի գործողությունը դադարեցնելու մասին:





























