Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դժգոհ է երկրում կանանց ու աղջիկների հագուկապի «արեւմտյան» ոճից:
«Փողոցներում ես շատ եմ տեսնում աղջիկների ու կանանց, ովքեր կրոնական գլխաշորեր են կրում, նմանակելով այլ երկրների հագուստի ոճին: Եթե ձեզ դուր է գալիս այլ երկրի հագուստի ոճը, ես կուղարկեմ ձեզ այնտեղ»,- ասել է Ռահմոնը, Տաջիկստանի ազգային համալսարանում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Նրա կարծիքով, չադրա ու հիջաբ կրելը օտար է տաջիկական մշակույթի համար:
Ռահմոնի մամուլի քարտուղար Աբդուֆատոհ Շարիֆզոդան, մեկնաբանելով նախագահի խոսքերը, ասել է, որ նա նկատի է ունեցել կանանց ու աղջիկներին, որոնք վերջին ժամանակներս սկսել են կրել հնդկական, պակիստանյան, իրանական, արաբական ու թուրքական ազգային հագուստներ:
Տաջիկստանում բնակչության 88 տոկոսը մահմեդականներ են, հիմնականում սուննիներ: Այդուհանդերձ Տաջիկստանը աշխարհիկ երկիր է, որտեղ արգելվում է պետական ուսումնական հաստատություններ հաճախել մահմեդական գլխաշորերով, որոնք ամբողությամբ ծածկում են դեմքն ու մազերը:




























