Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից մեկին, որը բուժում է ստանում ՌԴ-ի Ուզլովսկայա բժշկական կենտրոնում, վիրահատության նպատակով տեղափոխել են Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը՝ նշելով, որ տուժածներից մեկին էլ, որի մոտ առկա են բազմաբեկորային կոտրվածքներ, այժմ ուղղաթիռով տեղափոխում են Մոսկվա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տուժածներին կտեղափոխեն Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:
Մեկ այլ տուժած հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոց:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն ունի կյանքի հետ անհամատեղելի վնասվածներ, գտվում է Ուզլովսկայա բժշկական կենտրոնում՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
Մյուս ութ տուժածները բուժումը կշարունակեն Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում:
Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 3 քաղաքացի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























