Չարենցավանի ոստիկանությունում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով հիմնական ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանի հարազատները գիտեն, թե ով է իրականում սպանել  Վահան Խալաֆյանին, սակայն վախենում են ասել այդ մասին:

Ձերբակալված ոստիկանի մայրն ու կինը վախենում են, թե իրական մարդասպանի անունն ասելուց հետո, դա կարող է վատ հետեւանքներ ունենալ բանտում գտնվող իրենց որդու համար:

«Ես կարող եմ ասել, թե ով է ծեծել, բայց չեմ ուզում իմ երեխայից առաջ անցնել: Իմ որդու վիճակը ամենից բարդն է: Նա վախենում է ասել: Երկու փոքր երեխա ունի: Էդքան հեշտ մի կարծեք»,- նշել է Աշոտ Հարությունյանի մայրը՝ Զոյա Հարությունյանը՝ հավելելով, որ կարող են ազատվել Աշոտից:

Կինը նշել է, թե ամուսնուն զգուշացրել են, որ «եթե այդպես շարունակվի, իրեն կարող են տանել «ԿԳԲ-ի պադվալ» («Երեւան-Կենտրոն» ՔԿՀ):
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Աշոտ Հարությունյանը բաց հայտարարել էր, թեՎահան Խալաֆյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են հենց ոստիկանության բաժնում՝ մեկ այլ ամբաստանյալի՝ Մորիս Հայրապետյանի աշխատասենյակում:

Ըստ պաշտոնական վարկածի` Վահան Խալաֆյանին ծեծի էին ենթարկել ոստիկանության բաժնում, եւ նա դանակով ինքնասպանություն էր գործել: Մինչդեռ, ինչպես պնդում են Խալաֆյանի հարազատներն ու իրավապաշտպանները, Վահան Խալաֆյանին պարզապես սպանել են:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի