Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք, նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է Ուզլովսկի բժշկական կենտրոնում։

ՌԴ–ում ՀՀ դեսպանատնից NEWS.am–ին հայտնեցին, որ մահացածը 68-ամյա Հռիփսիմե Սիրեկանյանն էր։

Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ: Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն այսօր սրտի վեցերորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չի հաջողվել փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Այսպիսով ողբրգական վթարի զոհերի թիվը դարձավ ինը։

Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

 Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:

 Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է:

Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 2 քաղաքացի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: