Նոյեմբերի 3-ին Տուլայում Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչներ Հրաչ Բադալյանի եւ Գագիկ Մանուկյանի մարմիններն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հողին հանձնեցին, իսկ մեկ այլ գեղամավանցու` Վարուժ Ստեփանյանի դին հողին հանձնեցին Չարենցավանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը:

Այսօր տեղի է ունեցել նաեւ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանի, Լոռու մարզի Հարթագյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանի հուղարկավորությունը։  Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի  բնակիչ Հայկ Հովհաննիսյանի մարմինը հողին էին հանձնել նոյեմբերի 6–ին։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԻՆ օդանավի հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել վթարի հետեւանքով մահացած ութ ուղեւորների մարմինները։ Նոյեմբերի 7–ի առավոտյան Ուզլովայա հիվանդանոցում մահացել է 68–ամյա Հռիփսիմե Սերիկոնյանը։ Վթարի զոհերի թիվն այսպիսով դարձել է ինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել։

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: