Երկիր մոլորակի վրա սկսվել է հերթական մագնիսական փոթորիկը: Այս մասին հայտնում է ՌԴ Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի հելիոֆիզիկական ծառայությունը: Ըստ ռուս գիտնականների՝ փոթորիկը սկսվել է նոյեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22:18-ին:

Համաձայն տիեզերական եղանակի կանխատեսումների՝ նոյեմբերի 7-8-ը Արեւի բոցավառման ակտիվությունը ցածր է լինելու, գեոմագնիսական դաշտը՝ թույլից մինչեւ չափավոր անկայուն, ճառագայթային իրավիճակը՝  կայուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկիր մոլորակի վրա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը տեղի էր ունեցել 1859թ.: Այն ստացել էր «Քերինգթոնի իրադարձություն» անվանումը՝ ի պատիվ բրիտանացի աստղագետի, որն ուսումնասիրում էր Արեւի բոցավառումը: Սեպտեմբերի 1-ին Արեւի վրա տեղի էր ունեցել այնպիսի ուժգնության արտանետում, որը Երկրին էր հասել 18 ժամվա ընթացքում, թեպետ սովորաբար դրա համար 3-4 օր է անհրաժեշտ: