Այսօր` սեպտեմբերի 1-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA, European Friends of Armenia) կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում Եվրամիությանը սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, այլ ոչ թե ՄԱԿ-ում ԼՂ խնդրին առնչվող բանաձեւին, որը նախաձեռնել է Ադրբեջանը: EuFoA-ն նշում է, որ ՄԱԿ-ում սեպտեմբերի 9-ին կայանալիք քվեարկությանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները դեմ են քվեարկելու, սակայն Եվրամիությունն այս խնդրի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի:

 «ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում միջնորդական առաքելության մանդատ ունեցող միակ կառույցը: Ես հուսով եմ, որ ԵՄ բոլոր երկրները միասնական կլինեն ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձեւի դեմ քվեարկության ժամանակ եւ կսատարեն Մինսկի խմբին: ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ չպետք է վտանգի տակ դնի բանակցությունները, եւ հուսով եմ, որ եվրոպական երկրները եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կհամակարգեն իրենց գործողությունները»,-ասել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը` հավելելով, որ թեեւ այդ բանաձեւը կարող է անվնաս թվալ, սակայն EuFoA-ն այն վտանգավոր է համարում երեք պատճառներով:

«1. Սա ադրբեջանական կողմի հերթական փորձն է` ԼՂ խնդիրը տեղափոխել այլ ձեւաչափեր, որտեղ, Ադրբեջանը կարծում է, որ ավելի մեծ աջակցություն կարող է ունենալ, հատկապես մահմեդական երկրների շարքում: Սակայն, այս հակամարտությունը երբեք կրոնական բնույթ չի կրել եւ իսլամական երկրները շահագրգիռ չեն խնդրին կրոնական երագավորում տալ:

2. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ ԼՂ խնդրի լուծման քայլերն այնքան պարզ են եւ բանակցային գործընթացն այնքան առաջ է գնացել, որ դրանք կարող են ավարտվել շատ արագ, եթե լինի բարի կամք: Այսքան մոտ գտնվելով խնդրի լուծմանը, ձեւաչափի փոփոխությունը կարող է ձախողել ողջ բանակցային գործընթացը:

3. Բանաձեւի տեքստն արտացոլում է ադրբեջանական տեսակետը, հատկապես, տարածքային ամբողջականության սկզբունքի հարցում, այնինչ համանախագահները 2010-ի հուլիսի 17-ին  Ալմաթիի իրենց հայտարարության մեջ նշում են խնդրի լուծման բոլոր երեք սկզբունքների մասին, որպես մեկ ամբողջություն եւ համարում են, որ որեւէ դրույթի տարանջատումը զրկում է խնդրի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունից: Այլ կերպ ասած, ՄԱԿ-ի բանաձեւը պետք է լիովին փոփոխության ենթարկվի կամ ուղղակի մերժվի` խուսափելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների ձախողումից»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ: