Աբխազիայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունը հերքել է վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Կոխոր բնակավայրի մերձակայքում պայթյունի եւ հրդեհի մասին:
Ինչպես պարզել է «Ապսնիպրեսս»-ը, Սահմանապահ վարչությունում, Տկուարչալիի շրջանում ռուսաստանցի զինվորականներ չկան: Կոխորա գյուղում այրվել են լքված շինությունները: Ներկայումս հրդեհը տեղայնացվել է, հաղորդել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ Լեւ Կվիցինիան:
«Այրվում էին մի քանի լքված տներ եւ թունաքիմիկատների պահեստը՝ ցիտրուսների արտադրության «Կոխորա» սովտնտեսության տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են հինգ մեքենաներ»,- ասել է նա ու հավելել, որ հրդեհն իրենից վտանգ չի ներկայացնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 1-ին վրացական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Աբխազիայի Կոխորա գյուղում պայթյուն է եղել ռուսաստանցի զինվորականների զինամթերքի պահեստում:



























