Ադրբեջանի  կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ վերաբերյալ բանաձեւի ներկայացումն ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` սեպտեմբերի 1-ին ԵՊՀ արտաքին հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա,  պետք է քննարկել հաստատված բանակցային ձեւաչափերի շրջանակներում: Հենց դա էր պատճառը, որ 2008 թ.. Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից»,- ասել է նախարարն ու հավելել. «Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանն օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը  կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին»:

Հարցին, թե ինչ է անում Հայաստանը Ադրբեջանի այդ նախաձեռնության դեմ, Է. Նալբանդյանը պատասխանել է. «Դիվանագիտությունը նման է սառցալեռան, այն մասը, որ երեւում է դա շատ փոքր մասն է,  մեծ մասը անտեսանելի է, դա հենց այն աշխատանքն է, որի մասին ընդունված չէ մանրամասն հայտարարել: Հակառակ դեպքում ակնկալվող արդյունքները կարող են նվազ լինել:

Այո, մենք նախաձեռնում ենք անհրաժեշտ քայլեր: Միջազգային հանրության կարծիքն ու մոտեցումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, որոնք ընդունվել են վերջին ժամանակահատվածում, համահունչ են նաեւ մեր մոտեցումներին: Կարծում եք այդ դիրքորոշումները օդի՞ց են ընկնում: Եթե Ադրբեջանը ոտնահարում է ուժի չկիրառման եւ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքը, ապա դրան հակառակ ամբողջ միջազգային հանրությունը կարեւորում է այս սկզբունքը որպես հիմնարար ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

Դուք կարծում եք եթե որեւէ մեկը պաշտպաներ Ադրբեջանի դիրքորոշումը, այսպես ակնհայտորեն այս սկզբունքը տեղ կգտներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը փաստաթղթերի մե՞ջ: Ոչ»:

Նրա խոսքով, սրանք ձեռնարկվող համապատասխան քայլերի արդյունք են, եւ կարիք չկա  հրապարակել դիվանագիտական խոհանոցի բոլոր մանրամասները: «Վստահ եղեք, որ հնարավոր քայլերն արվում են, որ ԼՂ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների եւ  նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն  է, որի միջոցով պետք լուծվի հիմնախնդրի ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը»,- հավելել է նախարարը: