Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին հայկական ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 9 ուղեւորների ընտանիքներին Հայաստանի կառավարությունը տրամադրելու է ավելի քան 1 մլն դրամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Այսօր հանձնաժողովի նիստ ենք արել, վերջնական որոշումը կկայացնենք առաջիկայում: Այս պահին կարող եմ ասել, որ զոհվածների ընտանիքները կստանան ավելի քան 1 մլն դրամ, իսկ տուժածները՝ մինչեւ 1 մլն դրամ»,- ասաց Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է տեղափոխման եւ հուղարկավության ծախսերին, դա նույնպես հոգալու է կառավարությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























