Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 19-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղի ժողովրդին։
«19 տարի առաջ մեր երկրի կյանքում պատմական մեծ շրջադարձ տեղի ունեցավ, որն ուղղված էր ազատության եւ ինքնապահպանման ճանապարհով արցախահայության անկախությանը։ Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ 1991 թվականի սեպտեմբերի 22-ին հիմնավորված եւ հեռատես որոշում ընդունվեց, ինչի իրականացման համար ղարաբաղցի ժողովուրդը ստիպված եղավ անցնելու պատերազմի եւ զրկանքների միջով։
Արցախի ժողովրդի համար ապագային միտված ճանապարհը տեսանելի է դարձել, ուրվագծվում են հանուն ազգային նպատակների պայքարի միջոցները։
Ներկայումս Լեռնային Ղարաբաղի կայացած Հանրապետությունը գործոն է Հարավային Կովկասում եւ միջազգային ճանաչման ուղղությամբ լուրջ քայլեր է կատարում։ Մենք հասկանում ենք, որ այդ ճանապարհը մեզ համար ավելի կարճ կլինի, եթե մենք հաղթահարենք մեր ներքին խնդիրները։ Ներկայումս ԼՂՀ կառավարության կարեւորագույն խնդիրը հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է,տարածաշրջանային եւ համաշխարհային անցանկալի զարգացումներից զերծ մնալը։
Մեզ համար առաջնահերթ խնդիր է բազմակողմանի ինտեգրացիան եւ Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը։ Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ղարաբաղցին իրեն վստահ եւ ապահով զգա իր հողի վրա։
Թանկագին արցախցիներ. շնորհավորում եմ ձեզ հանրապետության տոնի առթիվ, ցանկանում եմ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն ձեր ընտանիքներին»,- ասված է շնորհավորական ուղերձում:




























