Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, այդ թվում 65 հայ գործարարներ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումները ԻԻՀ պետական պաշտոնյաների հետ: Մասնավորապես Կարեն Ճշմարիտյանը կհանդիպի ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեի, ԻԻՀ էկոնոմիկայի (տնտեսական հարաբերությունների) եւ ֆինանսների նախարար Ալի Թայեբնիայի, ԻԻՀ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի, ԻԻՀ առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ:
Իրանցի պաշտոնյաների հետ կքննարկվեն երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, Հայաստանի` ԵՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ փոխգործակցության ակտիվացման համատեքստում համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, ինչպես նաեւ տարբեր ոլորտների ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման աջակցությանը, ԻԻՀ հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթ Զադեն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենա «Տարածաշրջանային հնարավորությունների խաչմերուկում համագործակցությունների միավորում» թեմայով քննարկում, կներկայացվեն «Իրանի գործարար միջավայրը» եւ «Հայաստանի գործարար միջավայրը» խորագրով շնորհանդեսներ, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ներդրումների ոլորտային հնարավորությունները» խորագով Էներգետիկայի, Ֆինանսաբանկային համակարգի, տրանսպորտի եւ լոգիստիկայի վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ:
Գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը /Export Insurance Agency of Armenia ICJSC/ եւ Իրանի Արտահանման Երաշխավորության Հիմնադրամը /Export Guarantee Fund of Iran/ կստորագրեն ՀՀ եւ ԻԻՀ միջեւ առեւտրի եւ ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության Փոխըմբռնման հուշագիր:
Նախատեսված են նաեւ Հայաստանի եւ Իրանի գործարարների անհատական հանդիպումներ:




























