Արեւելաինդոնեզական Սուլավեսի կղզու Բիաու բնակավայրում խռովությունները ճնշելու համար ոստիկանությունը հրազեն է օգտագործել: Արդյունքում յոթ բնակիչներ սպանվել են, եւս 26-ը վնասվածքներ են ստացել: Ընդ որում, հինգ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Անտարա» գործակալությունը:

Խռովությունները, որոնց մասնակցել են հարյուրավոր տեղացիներ, սկսվել է ոստիկանության բաժնում պատահարի համար ձերբակալված տաքսու վարորդ Քաշմիր Տիմումունի մահից հետո:

Բազմությունը վստահ է եղել, որ նա մահացել է ոստիկանների կտտանքների արդյունքում, թեեւ ըստ ոստիկանների, նա ինքնասպանություն է գործել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, թե իրավապահները փորձել են վերահսկել իրավիճակը, սակայն բախման արդյունքում 17 ոստիկան է վիրավորվել:

«Անտարա»-ի փոխանցմամբ, խռովությունները շարունակվել են նաեւ այսօր առավոտյան, բազմությունը հրդեհում է ոստիկանների տներն ու ավտոմեքենաները: Դեպքի վայր է ուղարկվել հատուկ նշանակության ջոկատը: