«Հայոց աշխարհ»-ն անդրադարձել է այսօր` սեպտեմբերի 2-ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի`Ադրբեջան կատարելիք պետական այցին: Ռուսաստանի նախագահի պետական այցը, ինչպես տեղեկացնում է պարբերականը, հագեցած է լինելու բազմաթիվ սուր հարցերով։ «Նախօրեին Ռուսաստանի ղեկավարության` Ադրբեջանին հանգստացնող հայտարարությունների շարքը բացել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա ծայրաստիճան դիվանագիտական հարցազրույցից կարելի է այն տպավորությունը ստանալ, թե իբր Երեւանում վերջերս ստորագրված հայ-ռուսական արձանագրությունն ու այլ փաստաթղթերը որեւէ կերպ չեն փոխում Հայաստանում ռուսական ռազմական հենակետի կարգավիճակը. դրանք պարզապես երկարաձգում են տեղակայման ժամկետները։
Դիվանագիտական էթիկայի տեսանկյունից, անշուշտ, կարելի է հասկանալ Ռուսաստանի արտգործնախարարի հարցազրույցի շարժառիթները։ Սակայն դիվանագիտությունը դիվանագիտություն է մնում միայն այն պարագայում, երբ նրա նախորդ քայլերը չեն հակասում հաջորդներին։ Այս առումով Ռուսաստանը հայտնվել է բավական «փափուկ» դրության մեջ, քանի որ Երեւանում ստորագրված արձանագրությունների նույնիսկ ամենազգուշավոր մեկնաբանության պարագայում էլ չի կարող հերքել, որ դրանք բացառում են լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Ուստի ադրբեջանցիների շրջանում բնականաբար հարց է առաջանում. ինչի՞ համար էին այդ դեպքում մսխվում երկրի նավթագազային եկամուտները՝ քամուն տալով տարեկան շուրջ 2 միլիարդ դոլար։ Այդ ծախսերին դիմած Ադրբեջանից ռուսներն այժմ էլ պահանջում են շարունակել խաղաղ բանակցությունները եւ զուգահեռաբար խոստանում ավելի «թանկ ապրանք»` ի դեմս Ս 300 հրթիռների։ Այս «կարկանդակի» դիմաց Բաքուն պետք է լրջորեն վերանայի իր արտաքին քաղաքականությունը միանգամից մի քանի ուղղություններով, որոնցից ոչ մեկն, ի դեպ, անմիջականորեն չի վերաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին»,-գրում է «Հայոց աշխարհ»-ը:



























