ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում սպանված Վահան Խալաֆյանի գործով ամբաստանյալ, տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը ֆիզիկական անվտանգության խնդիր ունի: «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Հարությունյանը Խալաֆյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, թե ինքնասպանություն չի եղել եւ չի բացառվում, որ վաղը կայանալիք նիստում բացահայտի մարդասպանին: Հարությունյանի վերջին հայտարարությունից հետո, ըստ թերթի Չարենցավանի աղբյուրների, նրա հարազատների վրա լուրջ ճնշումներ են գործադրվել, իսկ կնոջ՝ Արաքս Մկրտումյանի ազգականներից մեկը տարվել է ոստիկանության բաժին, որտեղ տեղի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը նրա հասցեին սպառնալիքներ է տեղացել: Մկրտումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, թե իր հարազատներին չեն սպառնացել, սակայն ամուսնում զգուշացրել են, որ եթե շարունակի դատարանում հայտարարություններ անել, նրան կտանեն ԱԱԾ մեկուսարան: Հարությունյանի հարազատները, որ պնդում են թե գիտեն՝ ով է Խալաֆյանին խոշտանգողը, լուրջ մտավախություններ ունեն, որ Հարությունյանին կարող են ֆիզիկապես ոչնչացնել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























