Հայաստանի Ազգային ժողովն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի արտահերթ նիստն սկսել է Հարավային Սուդանի ավիավթարի եւ Տուլայի ավտովթարի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց:
Օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը ցավակցեց Տուլայում տեղի ունեցած վթարի եւ Հարավայի Սուդանում կործանված ինքնաթիռի հետեւանքով զոհված հայրենակիցների հարազատներին եւ շուտափույթ առողջություն մաղթեց վիրավորներին:
«Տեղյակ եք, որ օրերս Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի եւ Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են մեր հայրենակիցները, կան զոհեր եւ վիրավորներ: Անդառնալի կորուստների կապակցությամբ, ԱԺ-ի անունից մեր ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհվածների հիշատակը»,- նշել է Գալուստ Սահակյանը:





























