Պլուտոն մոլորակը հետազոտող New Horizons ապարատից ստացվող տվյալներն ուսումնասիրող գիտնականները եկել են այն եզրակացության, որ մոլորակի վրա ամենայն հավանականությամբ սառցե հրաբուխներ կան։ Այս մասին նրանք հայտնել են Ամերիկյան տիեզերագիտական միության 47-րդ ամենամյա հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՆԱՍԱ-ն։

Պլուտոնի մակերեւույթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի քանի տասնյակ կմ բարձրությամբ առնվազն 2 լեռան գագաթին հրաբխին բնորոշ խորություն կա, փոխանցում է Gazeta-ն։

Սակայն ի տարբերություն երկրային հրաբուխների, որոնք մոխիր եւ լավա են արտանետում, Պլուտոնի հրաբուխները արտանետում են կամ կարող էին անցյալում արտանետել սառույցի, ազոտի, ամիակի եւ մեթանի խառնուրդ։ Այս հիպոթեզը կարող են ապացուցել մակերեւույթի հետագա ուսումնասիրությունները, պնդում են գիտնականները։