Սեպտեմբերի 9-13-ը Երեւանում, երկրորդ տարին անընդմեջ, անցկացվելու է ReAnimania անիմացիոն ֆիլմերի (մուլտիպլիկացիոն կինոնկարների) միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաեւ MarAni (Market of Animation - Անիմացիայի շուկա) բիզնես-ֆորումը, որին պետք է մասնակցեն անիմացիոն ստուդիաները եւ ՏՏ ոլորտում գործող այն ընկերությունները, որոնք այս կամ այլ կերպ կապ ունեն անիմացիոն ոլորտի հետ։ Ֆորումին մասնակցելու հայտ են ներկայացրել Ֆրանսիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Բրազիլիայից։  MarAni բիզնես-ֆորումի տնօրեն Հայկ Ասրիյանցը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արտերկրյա ընկերություններն ավելի շատ են հետաքրքրված Հայաստանում անցկացվող MarAni բիզնես-ֆորումով, քան հայաստանյան ընկերություները, ինչը կազմակերպիչների համար զարմանալի էր։  Սպասվում է, որ բիզնես- ֆորումին կմասնակցեն մոտ 15 ընկերություններ, որոնցից 7-ն արտերկրից են։ Այնինչ Հայաստանում, ըստ Ասրիյանցի, անիմացիոն շուկայի հետ առնչվող մոտ 60 ընկերություն կա, այդ թվում՝ 6-7 անիմացիոն ստուդիա։

Հայկական ընկերությունների պասիվությունը Ասրիյանցը բացատրում է ընկերությունների մոտ ցանկության պակասով եւ ավելորդ զգուշավորությամբ։ Այնինչ մեր տարածաշրջանում նման ֆորմատի բիզնես- ֆորումներ չեն անցկացվում, որով էլ պայմանավորված է արտասահմանյան ընկերությունների եւ ստուդիաների մեծ հետաքրքրությունը։

«Բիզնես-ֆորումը ըստ էության շահույթ չի հետապնդում։ Մասնակցության գինը սահմանել ենք գրեթե ինքնարժեքին մոտ՝ տարածք, տաղավարների վարձակալություն, կազմակերպչական աշխատանքներ։ Երեք օրվա համար վճարը 100-150 հազ. դրամ է, այսինքն՝ մասնակցությունը շատ մատչելի է։ Մեր նպատակը հայկական անիմացիոն շուկայի խաղացողներին, եռաչափ մոդելավորողներին, համակարգչային խաղեր ստեղծողներին եւ հարակից ոլորտների ներկայացուցիչներին մեկ տանիքի տակ հավաքելն է, ինչը կստեղծի նոր գործարար կապեր, նոր հնարավորություններ ոլորտի զարգացման համար»,-ասաց Ասրիյանցը։