«168 ժամ»-ի տեղեկացմամբ՝ 2001 թվականից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի: Նրա փոխարեն, ըստ թերթի տեղեկությունների, կնշանակվի ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը:

Նշենք, որ Կովալենկո Շահգալդյանը 2006-ից անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: «Կոտայքի մարզպետի անվան հետ են կապվում մարզում տեղի ունեցող բազմաթիվ ապօրինություններն ու ֆինանսական չարաշահման դեպքերը: Հայտնի է, որ վերջինս նաեւ հաջողակ գործարար է: Նա Ծաղկաձորում բազմաթիվ հանգստյան տների սեփականատեր է: Բացի այդ՝ նրա ընտանիքին է պատկանում նաեւ Չարենցավանի կենտրոնում կառուցված «Մակու» ռեստորանը, ինչպես նաեւ հազարավոր հեկտարների հասնող հողատարածքներ, շենք-շինություններ Հրազդանում, Չարենցավանում եւ հարակից գրեթե բոլոր գյուղերում: Հայտնի է նաեւ, որ մարզպետի բոլոր հարազատները, կարելի է ասել՝ ամբողջ ազգուտակը, բավական արտոնյալ կարգավիճակ ունեն: Մարզում քիչ թե շատ եկամտաբեր բոլոր պաշտոնները ղեկավարում են մարզպետի հարազատները՝ որդին, քույրը, քեռու աղջիկները, մորաքրոջ տղան, աղջիկը եւ այլք»,-գրում է թերթը: