Եթե 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը չհռչակվեր որպես անկախ հանրապետություն, ապա ԽՍՀՄ-ն իր փլատակների տակ կթողներ Ղարաբաղի ժողովրդին, կզրկեր նրան իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով՝ ԼՂՀ-ի անկախության անցած 19 տարիների ընթացքում հետեւողականորեն կառուցվում եւ կատարելագործվում է ազգային պետությունը: «Այս ընթացքում մեր ժողովուրդը դիմակայել է Ադրբեջանի զինված ագրեսիային, ինքնահաստատվել է որպես իր տարածքային ամբողջականությունը եւ արժանապատվությունը պաշտպանող հանրություն, եւ հետագայում հետեւողականորեն կատարելագործել իր պետական ինստիտուտները: Ընդունվել է երկրի Սահմանդրությունը, արդյունավետորեն գործում է պետական կառավարման ողջ համակարգը, պարբերաբար անցկացվում են ԱԺ, նախագահի եւ ՏԻՄ ընտրություններ»,-նշեց պատգամավորը: Նրա խոսքով՝ անցած 19 տարիների ընթացքում ԼՂՀ-ն անցել է պետական կյանքի ժողովրդավարացման շատ էական ճանապարհ, թեեւ գտնվել եւ գտնվում է ռազմական գործողությունները վերսկսելու վտանգի առաջ:
Վահրամ Աթանեսյանը ԼՂՀ ժողովրդին մաղթեց, որ ԼՂՀ-ն լինի ավելի ժողովրդավարական եւ ավելի գործուն ու նպատակային արտաքին քաղաքականություն վարի միջազգային ասպարեզում՝ պաշտպանելու համար ԼՂՀ անկախության իրավունքը: Հարցին, թե աշխարհը ե՞րբ կճանաչի ԼՂՀ անկախությունը, ԼՂՀ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Կուզենայի, որ միջազգային ճանաչմանն ուղղված քայլերն ավելի նպատակաուղղված եւ համակարգված լինեին: Իսկ թե երբ կճանաչի, կախված կլինի մեր հետեւողական քայլերից»:



























