Իրանն ակտիվացնում է Հայաստանի հետ հարաբերությունները՝ ելնելով տնտեսական նկատառումներից: Այս մասին «Al Monitor»-ում հրապարակված հոդվածում գրել է իրանցի լրագրող Ալիռեզա Ռամեզանին:
Հեղինակը հիշեցրել է, որ հոկտեմբերի 14-ին միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանն օգտվեց իր դեմ սահմանված պատժամիջոցները թեթեւացնելու հնարավորությունից, որպեսզի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրիին ուղարկի Հայաստան՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար:
«Ըստ Ջահանգիրիի՝ իրանցի ամենից ազդեցիկ պաշտոնատար անձի, որը Երեւան է այցելում 2011 թվականից, Հայաստանը ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որն Իրանի հետ սահման ունի եւ որը կարող է «իրանական ապրանքների համար դարպաս դառնալ»՝ դեպի Եվրասիայի եւ Եվրոպայի 5 միլիարդանոց շուկա դուրս գալու համար: Իրանն ու Հայաստանն արդեն համաձայնագրեր են ստորագրել որոնք տարիներ շարունակ պահպանում են երկու երկրների սերտ հարաբերությունները: Օրինակ՝ Հայաստանն Իրանին գազի դիմաց էլեկտրականությամբ է ապահովում»,- նշված է Ռամեզանիի հոդվածում:
Հոդվածագրի համաձայն, գործարքը կշարունակվի հետագա 15 տարիներին: «Հարկ է նկատել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի քաղաքական վեճերը Վրաստանին եւ Իրանին դարձրել են երկրի էներգետիկ կարիքները բավարարելու լավագույն տարբերակը»,- ընդգծել է լրագրողը:




























