Չարենցավանցի մի քանի տասնյակ մանրավաճառներ՝ միրգ եւ բանջարեղենի առեւտրով զբաղվող մարդիկ, Չարենցավանի քաղաքապետարանի առջեւ այս պահին բողոքի ցույց են անցկացնում։ Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Մանրավաճառները բողոքում են հարկային ծառայության դեմ, որն ապօրինի գործունեության համար նրանց վերջերս տուգանել է ավելի քան 1 մլն դրամով։ Իսկ ապօրինի գործունեությունը, ըստ հարկային ծառայության աշխատակիցների, առանց հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) աշխատելն է։ «Մեզ խեղդում են, ասում են պետք է հաշվիչ դրամարկղային մեքենաներ դնեք, բայց մենք շուտ փչացող ապրանք ենք վաճառում, դրա համար էլ որոշել ենք չաշխատել, բողոքել»,- NEWS.am-ի թղթակցին ասել է դրամական տույժի ենթարկված 4 վաճառողներից մեկը։
Նշենք, որ վաճառողները հաստատագրված գումար, կամ ինչպես ընդունված է ասել, «տեղի փող» արդեն իսկ վճարում են։



























