Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Իտալիա, Վատիկան եւ Ֆրանսիա:
Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ, Հասան Ռոուհանին բարձրաստիճան պատվիրակության հետ միասին Իտալիայի նախագահի եւ վարչապետի հրավերով այդ երկիր կմեկնի նոյեմբերի 14-ին: Այնտեղ նա կհանդիպի իր իտալացի գործընկերոջ, վարչապետի, ինչպես նաեւ իտալացի մի շարք արդյունաբերողների եւ ներդրողների հետ: Ծրագրվում է նաեւ հանդիպում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի քննարկում Հռոմի Պապի եւ Վատիկանի վարչապետի հետ:
Ըստ Iran.ru-ի, նոյեմբերի 16-ին Փարիզում Իրանի նախագահը որպես հատուկ հյուր ներկա կգտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին, որտեղ հանդես կգա ելույթով:
Ֆրանսիայում Ռոուհանին կհանդիպի նաեւ այդ երկրի նախագահի եւ պաշտոնատար մի շարք անձանց հետ:





























