Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած եւ նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացած 68-ամյա  Հռիփսիմե Սիրեկանյանին նոյեմբերի 10-ին հողին են հանձնել: Այս մասին NEWS.am-ին ասաց Երասխահունի գյուղապետը, որի համագյուղացին է եղել մահացածը:

Հռիփսիմե Սիրեկանյանին հուղարկավորել են Արմավիրում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: