Առաջիկայում «Թումո» կենտրոն կհաստատվի նաեւ Էջմիածնում: Այս մասին, նոյեմբերի 10-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ-ն, ուղեկցությամբ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ, «Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի եւ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի, ծանոթացավ կենտրոնի պայմաններին եւ ուսումնական ծրագրերին:
«Թումո» հաճախող պատանիները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց ստեղծած նոր խաղերն ու ծրագրերը: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նրանց հարցերին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը բերեց կենտրոնի հիմնադրին, աշխատակազմին եւ սաներին` բարձր գնահատելով ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելուն ուղղված ջանքերը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ առաջիկայում նմանատիպ կենտրոն կհաստատվի նաեւ Էջմիածնում:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը եւ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:





























