Հարավային Կովկասում ռուս-իրանական համագործակցությունը քիչ հավանական է. Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում մրցակիցներ են։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ «Ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասել է իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սեւակ Սարուխանյանը։ Իրանագետի խոսքվ՝ թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը շահագրգռված են միայն տարածաշրջանում Արեւմուտքի ազդեցության ուժեղացումը թույլ չտալու հարցում։
«Ռուսաստանի եւ Իրանի միջեւ մրցակցությունը կուժեղանա։ Իրանն ուրախ կլինի համագործակցել Ռուսաստանի հետ այն հարցերում, որոնք չեն հակասում իր շահերին։ Չեմ կարծում, որ նրանք կարող են ինչ-որ ոչ ֆորմալ միություն ստեղծել։ Համագործակցության ոլորտներ կան, սակայն դրանք բավարար չեն Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական միությունից խոսելու համար»,- ընդգծել է իրանագետը՝ հավելելով, որ Ռուսաստանից ավելի վատ իրանցիները վերաբերվում են միայն Մեծ Բրիտանիային։





























