Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները կարելի է բնորոշել «իրատեսական» բառով: Այս մասին նոյեմբերի 11-ին «Հարավկովկասյան տարածաշրջանի վրա ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը» թեմայով քննարկման ընթացքում խոսեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Իրանում, շեշտեց նա, պատմական հիշողությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության իրական գործոն է: «Իրանցիների ընկալումներում Ռուսաստանը միշտ կմնա մի երկիրը, որին լիովին վստահել չի կարելի, քանի որ ցանկացած պահի կարող են խնդիրներ առաջանալ: Մյուս կողմից էլ այդ հարաբերությունները պարզեցնել նույնպես չի կարելի: Մերձավոր Արեւելքի ու համաշխարհային քաղաքականության շատ հարցերի շուրջ երկու երկրների շահերը համընկնում են»,- նշեց Մինասյանը:

Նրա խոսքով, Իրանն ու Ռուսաստանը կարող են մրցակիցներ լինել Հարավային Կովկասում, բայց բավականին սերտ համագործակցել Սիրիայի հարցում, երկու երկրների միջեւ կարող են որոշակի տարաձայնություններ լինել, բայց ընդհանուր առմամբ կան համաձայնեցված մոտեցումներ իրանական միջուկային ծրագրի շուրջ, համաձայնեցված դիրքորոշումներ Աֆղանստանի հարցում եւ այլն: «Բայց տարածաշրջանային քաղաքականությունը, առավել եւս «մեծ» Մերձավոր Արեւելքում, չի ենթադրում սեւ ու սպիտակ կետեր: Ամեն ինչ շատ ավելի բարդ է, ու դրա հետ մեկտեղ մոտ ապագայում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում ոչինչ բացառված չէ»,- ամփոփեց Սերգեյ Մինասյանը: