Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նախօրեին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ի տունը երկու տարի առաջ թալանել են, ինչից հետո կինը նյարդային վիճակում հայտնվելով, մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքնահրկիզված կնոջ քույրը՝ Նունե Սիմոնյանը:

Նունեի խոսքով՝ Լուսինեն դեպքի օրը ոստիկանությունում է եղել, որտեղից իր տան գողության դեպքից ոչինչ չեն հայտնել, մինչդեռ կինը վստահ է, որ ոստիկանները գիտեն՝ ովքեր են իր տնից ոսկեղեն եւ գումար հափշտակել:

«Տան գողությունից հետո ինքը շատ նեղված էր, պարբերաբար ոստիկանների հետ քաշքշուկների մեջ էր: Ինքն անընդհատ գնում-գալիս էր ոստիկանություն, որ բացահայտվեր դեպքը:  Ինքը վստահ էր, որ ոստիկանները գիտեն՝ ով է գողությունն  արել, բայց իրեն չեն ասում: Դրանից ինքը միշտ նյարդային էր, լարված էր մտքերի մեջ էր: Դեպքի օրը երեխեքը մեր տանն էին, ջղայնացած եկավ, երեխեքին վերցրեց գնաց, չգիտեմ՝ որտեղից էր գալիս, երեւի ոստիկանությունից: Հետո երեք համարին էլ զանգում էի՝ ոչ մի պատասխան: Մեկ էլ գիշերը ոստիկաններ երեխեքին բերեցին մեր տուն ու իմացանք, որ նման բան է արել»,-պատմեց ինքնահրկիզված կնոջ քույրը:

Նունեն վստահեցրեց, որ քույրը հոգեկան խնդիրներ չունի, որքան էլ երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել:  

Ինքնահրկիզված կնոջ քույրը նշեց, որ դեպքից հետո խոսել է քրոջ հետ, սակայն վերջինը չի պատմել, թե ինչու է նման քայլի դիմել:

«Միայն հետաքրքրվեց երեխեքի մասին՝ որտե՞ղ են, ո՞նց են, ուրիշ բան չպատմեց»,-ասաց Նունեն՝ ենթադրելով, որ քույրը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո է որոշել ինքնասպանություն գործել:

Քրոջ խոսքով՝ Լուսինեի ամուսինն արտագնա աշխատանքի է, քույրը «նորմալ» մարդ է, աշխանում է Երեւանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջում՝ որպես հավաքարար:

Լուսինե Ս.-ի վիճակը շարունակում է ծանր մնալ: Կինն այժմ գտնվում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնում:  Այրվել է կնոջ մարմնի մակերեսի 19 տոկոսը:

Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց: